Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Անալոգային հեռարձակումն անջատվեց 4 մարզերում. մինչև հոկտեմբերի 27-28-ը այն կանջատվի ՀՀ ողջ տարածքում
17:54
Անալոգային հեռարձակումն անջատվեց 4 մարզերում. մինչև հոկտեմբերի 27-28-ը այն կանջատվի ՀՀ ողջ տարածքում

  Այսօրվանից մեկնարկել է անալոգային հեռարձակման անջատման փուլային ծրագիրը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այսօր արդեն անալոգային հեռարձակումը կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Գրում է tert.am-ը:

     Այս օրերին թվային հեռարձակման կանցնեն նաև մյուս բոլոր մարզերը. մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:

  Երևանում անալոգային հեռարձակումը կանջատվի հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզում՝ հոկտեմբերի 25-ին, Արագածոտնում ու Արարատում՝ հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզում՝ հոկտեմբերի 22-ին:

    «Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:

   «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելը, ճիշտ է, ուշ մեկնարկեց, բայց այն ուշացած չէր:

   «2017-ին Հայաստանում այլևս չեք կարող գտնել հեռուստացույցներ, որոնց վրա անալոգային կրիչ լինի: Ընդհանուր առմամբ, թվային հեռարձակման անցնելու համար ծախսվել է 15,6 մլն դոլար, որից 12 միլիոնը` ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի ստեղծման համար, իսկ 1,7 միլիոնը` սոցիալական ծրագրի իրագործման համար: Ավելացած գումարը հարկերի և տուրքերի միջոցով վերադարձրել ենք ՀՀ պետբյուջե»,-ասաց Ամալյանը:

    Օրերս Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ասել էր, որ Հայաստան ներկրված՝ թվային հեռարձակում ապահովող սարքերը փաստացի մնացել են առանց որակի վերահսկողության, և դա է պատճառը, որ շատ են բողոքները դրանց որակի հետ կապված, և որոշ քաղաքացիներ այսօր հրաժարվում են այդ սարքերից ու գերադասում հեռուստացույց նայել անալոգային հեռարձակմամբ:

    Այս առթիվ այսօր խորհրդարանում Tert.am-ը հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին:

   «Բազմաթիվ բողոքների մասին չեմ լսել, տեխնիկա է, կարող են լինել դեպքեր, բայց քանակի մասին չեմ կարող ասել: Իհարկե, պետք է ստուգվեն և սերտիֆիկացում պետք է անցնեն այդ սարքերը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կուսումնասիրի այդ հարցը ու կանդրադառնա դրան:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0