Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 9 » Ամեն ինչ կանեմ՝ արդարացնելու համար այս վստահությունը. ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյան
10:47
Ամեն ինչ կանեմ՝ արդարացնելու համար այս վստահությունը. ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյան

    ՀՀԿ խորհրդի նիստում այսօր ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա աշխատանքի համար: Այս մասին գրում է tert.am-ը:

     ՀՀ վարչապետի թեկնածուն նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի  մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

   Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու այդ ամենը:

    Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել ազնիվ, լիարժեք աշխատանք:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0