Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 4 » Ադրբեջանը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունները և շարունակում է սրել իրավիճակը. Էդվարդ Նալբանդյան
16:12
Ադրբեջանը հրաժարվում է կատարել պայմանավորվածությունները և շարունակում է սրել իրավիճակը. Էդվարդ Նալբանդյան

   Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

      Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժեվորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր է գնահատել Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։

      Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։

       Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

     Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերած լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

  Նախարարը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս կապակցությամբ գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման այդ ջանքերին:

    «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարության արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»,– ասել է նախարար Նալբանդյանը։

    ՀՀ ԱԳՆ ղեկավարը գերմանացի օրենսդիրներին և փորձագետներին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին՝ կարևորելով այդ գործընթացում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների օժանդակությունը։

     Անդրադարձ է եղել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։

  Հանդիպմանը ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 142 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0