Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, որ հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել
20:52
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, որ հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել

     Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

   Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են: Ելնելով այս իրողությունից` ադրբեջանական կողմին խորհուրդ կտայինք նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին: Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0