Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 15 » Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Պուտինի օգնականի հայտարարությունը tert.am
23:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Պուտինի օգնականի հայտարարությունը tert.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ զարմանք ու ափսոսանք է առաջացնում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

 Նա նշել է, որ Ուշակովի խոսքերը հակասում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ոգուն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին:

 «Այդ հայտարարությունը նաև չի համապատասխանում հակամարտության կարգավորման մանրամասն քննարկումներին, որոնք անցկացվել են տարածաշրջան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինտենսիվ այցերի ժամանակ»,- ասել է նա:

 Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ:

 «Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման առիթով: Բայց մենք, բնականաբար, կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- ասել էր Ուշակովը լրագրողներին:

 Ընդ որում՝ ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել էր բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ:

 ՌԴ նախագահի` ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան այցի նախօրեին նրա օգնական Ուշակովի հայտարարությունը, որ Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, գուցե պատահականություն է, գուցե ոչ: Այս մասին էլ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը` պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հայտարարությունը ՌԴ նախագահի Հայաստան այցի նախօրեին պատահականությո՞ւն էր, թե՞ հատուկ «մեսիջ», ու եթե այո՝ ո՞ւմ էր ուղղված:

«Միգուցե այստեղ` Երևանում, այս հարցով փակ քննարկումներ են սպասվում, և, կարծում եմ, դրա համար է հայտնել: Բայց կարող է և պատահականություն է»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0