Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 15 » 2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը
11:32
2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

   Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ, հայտնում է tert.am-ը, հղում անելով՝ ria.ru-ին, մանրամասնելով, որ խոսքը 2 մլն դոլար կաշառք վերցնելու մասին է:

      Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է  գնման պայմանագրին դրական գնահատական տար:

      «Խոսքը «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք պահանջելու մասին է»,-հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, որը մանրամասնել է, որ նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին:

   Գործին տեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Ուլյուկաևը 1 տարուց ավելի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Հայտնի է, որ ուժայինները գաղտնալսել են նախարարի և նրա շրջապատի հեռախոսազրույցները:

     ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին ներկայացվել է շատ լուրջ մեղադրանք, որը շատ լուրջ ապացույցների կարիք ունի:

    Ինչ վերաբերում է «Ռոսնեֆտ»-ին, ապա ընկերության ներկայացուցիչն ասել է, որ «Բաշնեֆտ»-ի արժեթղթերը գնվել են ռուսական օրենսդրության համաձայն:

   Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերին «Ռոսնեֆտ»-ը 329.7 մլրդ ռուբլով գնել է «Բաշնեֆտ»-ի արժեթղթերի 50.0755%-ը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0