Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 19 » «Իմացա, որ «լեզբիանկա եմ», բայց երբ ասացին` «մամա Ռոզա» եմ, դա արդեն վերջին կաթիլն էր» գյումրեցի հումորիստն իր կյանքի մասին
18:23
«Իմացա, որ «լեզբիանկա եմ», բայց երբ ասացին` «մամա Ռոզա» եմ, դա արդեն վերջին կաթիլն էր» գյումրեցի հումորիստն իր կյանքի մասին

                  Life.panorama.am-ը զրուցել է Նարինե Ոսկանյանի՝ Պաուզա Անոյի հետ, ում ժամանակին հանդիպում էինք հումորային նախագծերում և սկեչներում: Ինչո՞վ է պայմանավորված այսօրվա էկրանային պարապուրդը, ո՞րն է փող աշխատելու նրա տարբերակը և արդյո՞ք չի վախեցնում նրան մենակությունը:

-Նարինե, էկրաններին գրեթե չեք երևում: Ինչո՞վ եք զբաղված այժմ:

-Արդեն 5 տարի երգում եմ գիշերային ակումբում:

-Բայց դուք երգչուհի չեք չէ՞:

-Չէ, երգում եմ այն երգերը, որոնք ինձ մոտ մի քիչ ստացվում են:

-Իսկ դերասանական կրթություն ունե՞ք:

-Սովորել եմ Գյումրիի թատրոնի ստուդիայում, կուրսիս ղեկավարը Խորեն Աբրահամյանն էր: Բայց որոշ պատճառներով կիսատ եմ թողել ուսումս:

-Մարդիկ ինչպե՞ս են ընդունում Ձեր գործունեությունը գիշերային ակումբում:

-Մեծամասամբ՝ շատ լավ: Մարդիկ էլ կան, որ չեն ընդունում, որ ես նման վայրում եմ աշխատում, ասում են սա Ձեր տեղը չի: Բայց ի՞նչ արած, այդպես է ստացվել: Չաշխատելն է ամոթ: Հասկանում եմ, որ դա իմ բնագավառը չի: Ամենակարևորն այն է, որ պարտքեր չունեմ, փողերս բանկերին չեմ բաժանում:

-Պայմաննե՞րն են թելադրել այս աշխատանքը:

-Այո, ոչ մի նկարահանում չկա, զբաղվածություն չկա, իսկ այս երկրում ապրել պետք է:

-Եկամուտը բավարարո՞ւմ է ապրելուն:

-Ապրելուն՝ այո:

-Մի շրջան գյումրեցի հումորիստները շատ ակտիվ էին, անընդհատ էկրաններին: Այժմ Ձեզանից ոչ-ոքի, կարծեք, թե չենք տեսնում: Ինչո՞ւ:

-Ես չգիտեմ, ինձ համար հանելուկ մնաց, թե ինչու են բոլոր դռները փակվել մեր առջև: Շատ եմ փորձել վերլուծել, բայց պատճառը չեմ գտել: Երևի, հումորս կորցրել եմ (ծիծաղում է): Եթե ասեմ, որ մարդիկ մոռացել են, սխալ կլինի: Դրսում յուրաքանչյուր երկրորդը մոտենում է, ասում, որ կարոտել են, ինչո՞ւ չեմ երևում էկրաններին: Այսօր հեռուստաաշխարհում մեզանից ոչ-ոք չկա. Արթուր Հակոբյան, Լուսինե Կիրակոսյան... շատ-շատերը: Ժամանակին, երբ որևէ նոր հաղորդում էր բացվում և հյուրեր էին կանչում նկարահանման տաղավար, ես միշտ առաջին հյուրն էի լինում, հազվադեպ՝ երկրորդ կամ երրորդ: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, երբեք իմ աշխատանքը թանկ չեմ գնահատել: Երբ կանչում էին նկարահանման, հարցնում էին որքա՞ն կուզես, ասում էի՝ որքան որ դուք կտաք: Երբեք գնային առևտրի մեջ չեմ մտել: Նաև, շատերին թվում է, որ ես միայն հումոր եմ կարողանում խաղալ:

-Միգուցե Ձեզ այլ կերպարներում չեն տեսել, դա՞ է պատճառը:

-Տեսել են, ինչո՞ւ ոչ: Սուրեն Բաբայանի բոլոր ֆիլմերում միշտ փոքրիկ դերեր եմ ունենում: Նա ինձ պարտադիր հրավիրում է: Ու միշտ զարմանում է, որ մյուսները չեն նկատում:

-Ամեն դեպքում, դուք մեզ ավելի շատ ծանոթ եք հումորային ժանրում: Այսօր հեռուստատեսությունը լայն տեղ է հատկացնում հումորին: Միգուցե ծրագի՞ր առաջարկեք հեռուստաընկերություններին:

-Նման դեպք եղել է. նախագիծ եմ պատրաստել, ներկայացրել հեռուստաընկերություններ, նայել են, ուրախացել, ասել, որ շատ լավ է, վաղը զանգիր, պայմանավորվենք… ու հաջորդ օրվանից հեռախոսներին չեն պատասխանել: Պատճառն ու տրամաբանությունը չեմ հասկանում: Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ են ոգևորվում, հավանության արժանացնում ու հետո զանգիդ չեն պատասխանում: Կարելի է թեկուզ պատասխանել ու ասել, որ նախագիծը մերժում ենք:

-Նման դեպքեր շա՞տ են եղել, թե՞ մեկ դեպքի մասին է խոսքը:

-Երեք դեպք եղել է… Գագիկ Ծառուկյանն անձամբ ասաց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության համար հաղորդում պատրաստեմ՝ հումորային խոհանոց: Հաղորդումը սարքեցի, բայց այլևս չկարողացա նրան հասցնել ծրագիրը: Հեռուստաընկերության միջոցով փոխանցեցի, ինձ 6 ամիս տարան-բերեցին՝ թե «շեֆը» պետք է նայի: Այդպես էլ չնայեց երևի: Վերջն այնքան հոգնեցի, որ էլ չգնացի: Հետո այդ հաղորդումը տարա «Երևան» հեռուստաընկերություն, որի տնօրենն այն ժամանակ Սուրեն Թադևոսյանն էր: Ինքն էլ շատ ոգևորվեց, ուրախացավ, ասեց, որ հրաշք է, շատ լավ բան է, հաջորդ օրն, անպայման, զանգեմ, որ պայմանավորվենք: Հաջորդ օրվանից նա էլ հեռախոսին չպատասխանեց: Այնուհետև «Լայմ» հեռուստաընկերության Արամ Հովհաննիսյանին առաջարկեցի: Ասեց, որ ուղարկեմ, նայի, կպատասխանի, բայց հետո ինքն էլ դարձավ «անհասանելի»: Ավելի ճի՞շտ չէր, որ բոլորն էլ հեռախոսին պատասխանեին ու ասեին՝ Նառա ջան, կներես, բայց սա մեր պրոֆիլը չի, կամ չենք հավանել ընդհանրապես:

-Միգուցե շարունակե՞ք հետաքրքրվել, հիշեցնել Ձեր մասին:

-Պետք է գնամ խնդրե՞մ, որ ինձ հիշեն: Պատահել է, որ դրսում մարդիկ մոտեցել են ինձ, ասել. «Զանգեցինք «Շանթ» հեռուստաընկերություն, հարցրեցինք, թե ինչո՞ւ Ձեզ չեն կանչում, պատասխանեցին, որ Ձեր կոորդինատները չունեն: Կտա՞ք Ձեր համարն իրենց փոխանցենք»: Այդ մարդկանց ասել եմ, որ հանգիստ լինեն, այսօր ինձ գտնելը բոլորովին դժվար չէ: Ես միշտ Երևանում եմ, իմ հեռախոսներն էլ 24 ժամ հասանելի են:

-Քաղաքականության մեջ խառնվել սիրո՞ւմ եք:

-Ոչ, ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Միայն նախորդ ընտրություններին Ծառուկյանի բոլոր համերգները ես և Վլադիմիր Կոստանյանն ենք վարել: Բայց դե, «փողին մուննաթ», ով փողը տվել, կանչել է, գնացել վարել ենք: Բայց դա չի նշանակում, որ քաղաքականությամբ ենք զբաղվում, դերասան մարդիկ ենք, մեր գործն ենք արել: Թեև, մինչև այդ էլ ասպարեզում արդեն չկայինք:

-Այդպես «ծալած ձեռքերով» նստելու համար մի քիչ շատ երիտասարդ չե՞ք: Միգուցե բոլոր հին հումորիստներով համախմբվեք ու մի լավ նախագի՞ծ պատրաստեք:

-Արդեն 45 տարեկան եմ, կարող եմ հանգիստ թոշակի անցնել: Փորձում ենք, բայց դա այնքան էլ ազդեցիկ չէ, քանի որ էկրաններին չէ: Էկրանը հզոր ուժ ունի, ազդեցիկ «զենք» է: Երևի որոշել են երիտասարդներին առաջ մղել, տեղ տալ: Այսօր կան լավ «ջահելներ» եթերում, շատ եմ հավանում իրենց, ուրախանում եմ: Ես ոչ մի նախագիծ չեմ քննադատի, ուրիշների պես չեմ ասի՝ եթերը «զիբիլով» եք լցրել: Ոչ, ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր ու լավն է, բայց դա չի նշանակում, որ «հներին» պետք է մոռանան: Հին հումորիստներից միայն Մկոն է մնացել եթերում, բայց նա արժանի է եթերից չիջնելուն: Այ, եթե հանկարծ նա էլ եթերում չլինի, շա՜տ ափսոս կլինի:

-Հետևո՞ւմ եք հումորային հաղորդումներին:

-Շատ ժամանակ չեմ ունենում: Բայց եթե ժամանակս ներում է, նայում եմ «Ֆուլ հաուս»-ը: Շատ լավն են երեխեքը, դուրս գալիս են: Նաև նայում եմ «Տնփեսա»-ն՝ հիմնականում Մկոյի համար: Նրան շատ եմ սիրում, հարգում: Շատ տաղանդավոր է: Չասեք, «զեմլյակս» է, այդ պատճառով եմ ասում: Ուղղակի նա մի այլ տաղանդ ունի:

-Նարինե, որքա՞ն ժամանակ է, որ Երևանում եք ապրում:

-23 տարի: Կյանքիս 22 տարիները ապրել եմ Գյումրիում: Երկրաշարժից հետո Լենինականում դոմիկում էինք ապրում: Մայրս երևանցի է: Երբ պապիկս մահացավ, տատիկս այստեղ մենակ էր ապրում, ես և մայրս ստիպված տեղափոխվեցինք իր մոտ: Ես սիրում եմ Հայաստանը, բոլոր մարզերում լավ ընկերներ ունեմ: Հայստանից դուրս էլ ապրել չեմ կարող, տանից դուրս ես գալիս ու օտար ձայներ լսում: Քո հողի վրա ինքնավստահ ես զգում: Ինձ մոտ այն տարիքն է, որ աշխատեմ ու տունս պահեմ. այդ էլ անում եմ:

-Ընկերներ ունե՞ք:

-Շատ ու հրաշալի: Իմ ընկերներն ինձ շատ են օգնում:

-Ֆինանսապե՞ս:

-Ես չեմ սիրում, որ ինձ գումար են ուղարկում: Ես սովոր եմ, որ ինքս իմ միջոցներով ապրեմ: Բայց «շաքար» ունեմ, շատ թանկ դեղեր եմ օգտագործում, որոնք դրսից են ուղարկում ընկերներս, դասընկերս:

-Ո՞ւմ հետ եք ապրում:

-Մամայիս: Նաև շուն ունեմ:

-Չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին:

-Արդեն՝ ոչ, ուշ է այդ մասին մտածելը:

-Մի շրջան խոսակցություններ տարածվեցին, որ ամուսնացել եք:

-Ոչ, ես ու Դինելը PR ենք արել, ասեցինք թող բամբասեն (ծիծաղում է): Դա իրեն բավականին օգնեց, ճանաչվեց: Նա իմ մոտ ընկերն է: Պուգաչովան PR կանի, մենք չե՞նք անի: Թե՞ Ձեզ թվում է, իր ամուսիններն իրական են (ծիծաղում է):

-Իսկ դա Ձեզ չվնասե՞ց:

-Ինչո՞վ պետք է վնասեր: Պետք է ասեին ամուսնացել, բաժանվե՞լ է: Թող ասեն: Երբեք խոսակցություններին ուշադրություն չեմ դարձրել: Այնքա՜ն բամբասանք եմ լսել իմ մասին. ամեն ինչ ասեցին՝ ում սիրուհին, կնիկն ասես եղանք այս հանրապետությունում: Հենց մեկի հետ մի քիչ մոտիկ էի լինում, դրսում տեսնում էին, «ամուսնացնում» էին կամ սիրածը դարձնում: Սկզբից ասեցին DJ Օնոյի հետ է, հետո՝ Գևորգ Եղիազարյանի, Սամվել Գրիգորյանի: Մի պահ էլ պարզվեց, որ Գևոյի առաջին կինն եմ եղել: Բայց Գևոն «հորս թայ» մարդ է: Նաև իմացա, որ «լեզբիանկա եմ», բայց երբ ասացին, որ «մամա Ռոզա» եմ, դա արդեն վերջին կաթիլն էր: Ես բամբասել չեմ սիրում, ճակատին ասում, անցնում եմ:

-Հետագայում մենակությունը չի՞ վախեցնո՞ւմ:

-Ես մենակ մնա՞մ: Բացառվում է: Փառք Աստծո, ես եղբոր երեխաներ ունեմ, քեռու երեխաներ, որոնց պահել ու շահել եմ: Վաղը մյուս օր թոռներ կծնվեն: Նաև տարիներ առաջ մի շատ լավ աղջկա հետ եմ ծանոթացել, ով ինձ մայր է համարում, ես էլ իրեն՝ աղջիկ: Իսկ մարդիկ կան ամուսին ունեն, ձեռները կրակն են ընկել, հազիվ են հասցնում աշխատեն, ամուսիններին պահեն: Ոչինչ, թող ես էլ էդ կրակից չունենամ: Շատ երիտասարդ տարիքում՝ 23-24 տարեկանում ամուսնացել եմ, բայց միմյանց չհասկացանք ու բաժանվեցինք: Թեև, շատ լավ ամուսին եմ ունեցել:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 1427 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: