Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 29 » Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է
21:11
Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

   Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է Երկիր մոլորակի բնակչությանը մեկ անգամ ևս հիշեցնել գլխուղեղի կաթվածների կանխարգելման, բուժման և դրանից բխող հետևանքների մասին:

           Ուղեղի արյան շրջանառության հիվանդությունները (գլխուղեղի կաթվածներ, ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում և այլն) լուրջ առողջապահական մարտահրավեր են և պատահական չէ, որ 2004 թվականից ԱՀԿ-ն այն համարում է գլոբալ համաճարակ և ներկայացնում է որպես ծանր բեռ առողջապահական համակարգերի համար:

   Գլխուղեղի կաթվածների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում համարվում է ամենաարդյունավետ և առաջնային քայլը: Ընդ որում, հատկապես կարևոր է ինչպես ռիսկի կենսաբանական գործոնների, ինչպիսիք են` մարմնի զանգվածի ավելցուկային քաշը, բարձր զարկերակային ճնշումը, արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակը, որոնք բերում են փոխանակության խանգարմանը, առաջացնելով մետաբոլիկ համախտանիշ, այնպես էլ վարքագծային ռիսկի գործոնների` ծխախոտի օգտագործման, անառողջ սննդի, ալկոհոլի վնասակար օգտագործման, ցածր ֆիզիկական ակտիվության դեմ պայքարը:

         Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների մեջ արյան շրջանառության համակարգի հիվանդու¬թյուն¬ները մահացության և հիվանդացության ցուցանիշներով առաջին տեղում են, որի մեջ ուղեղի անոթային հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը: Հարկ է նշել, որ գլխուղեղի կաթվածը հաշմանդամության բերող հիմնական հիվանդություններից է: 2015 թվականին ախտորոշվել է ուղեղի անոթային հիվանդությունների 6419 նոր դեպք, ընդ որում` հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 18588, իսկ մահացությունը` 2428 դեպք:

      ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանք է տանում գլխուղեղի կաթվածի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման կազմակերպման, շարունակական հսկողության ուղղությամբ և կոչ է անում մեր հայրենակիցներին հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ԱՀԿ տվյալների` 80% դեպքում ուղեղի անոթային հիվանդությունները կանխարգելելի են, եթե արդյունավետ պայքարենք ռիսկի վարքագծային և կենսաբանական գործոնների դեմ:

Կատեգորիա: Այս օրը... | Դիտումներ: 108 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: