Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 10 » Աշխարհի ամենաերջանիկ մարդը պատմել է, թե որն է երջանիկ լինելու իր գաղտնիքը
21:20
Աշխարհի ամենաերջանիկ մարդը պատմել է, թե որն է երջանիկ լինելու իր գաղտնիքը

     Տիբեթյան վանական Մատյե Ռիկարը, որը համարվում է աշխարհի ամենաերջանիկ մարդը, բացահայտել է տխրության դեմ պայքարի իր գաղտնիքը:

       Ինչպես հաղորդում է «Վեստին», 70-ամյա բուդդայական վանականը պատմել է GQ պարբերականին, թե որն է վատ տրամադրության դեմ պայքարի և ներդաշնակության հասնելու իր գաղտնիքը: Ռիկարի խոսքով՝ ամենակարևոր զգացմունքները, որոնք մարդը պետք է իր մեջ զարգացնի, ալտրուիզմը (այլասիրություն) և բարությունն են:

   Բացի այդ, վանականը նաև խորհուրդ է տվել օրական 15 րոպե տրամադրել դրականի մասին մտածելուն: Նա վստահ է, որ նախանձը կործանարար է մարդկանց համար:

     «Սեփական անձն ուրիշների հետ համեմատելը սպանում է երջանկությունը»,- նշում է բուդդայականը՝ ընդգծելով, որ երջանկության զգացումը կարելի է «մարզել»:

    70-ամյա Ռիկարը կարող է օրեր շարունակ մեդիտացիա անել: 2008 թվականին նա մասնակցել է նյարդակենսաբան Ռիչարդ Դևիդսոնի հետազոտությանը, որի ընթացքում գիտնականը վանականի գլխուղեղին է միացրել 256 տվիչ: Սկանավորումը ցույց է տվել, որ Ռիկարի գլխուղեղի այն հատվածում, որը կապված է գիտակցության, ուշադրության, ուսուցանման ու հիշողության հետ, շատ բարձր է գամմա-ճառագայթման մակարդակը: Գիտնականն իր ուսումնասիրությունների 12 տարվա ընթացքում առաջին անգամ էր նման երևույթ տեսնում: Իր հոդվածում Դևիդսոնը գրել է, որ նման ակտիվությունը թույլ է տալիս վանականին ունենալ «երջանկության անոմալ պոտենցիալ և բացասականի արտահայտման թույլ հակվածություն», ընդգծում է ՌԻԱ Նովոստին:

   Այս ուսումնասիրությունից հետո Ռիկարը սկսեց համարվել «ամենաերջանիկ մարդը»: Մեծ ժողովրդականություն ձեռք բերած վանականը հրապարակել է մի քանի գիրք, որոնցում պատմում է, թե ինչպես կարելի է հասնել երջանկության: Ընդ որում՝ նրա «Վանական և փիլիսոփա» գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել ավելի քան երկու տասնյակ երկրում:

      Սակայն Ռիկարի խոսքով՝ ինքը ճանաչում է իրենից ավելի երջանիկ վանականների: Նա խոստովանել է, որ գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի հաշտվի այն ուշադրության հետ, որը ձեռք է բերել հայտնի դառնալուց հետո: Նա նույնիսկ հարցրել է Դալայ-լամային՝ արդյոք հարկավոր է մեկուսանալ աշխարհից, սակայն տիբեթյան վանականների հոգևոր առաջնորդը հայտնել է, որ աշխարհը նրա խորհուրդների կարիքն ունի:

     «Եթե նրանք ցանկանում են, որ դու լինես ամենաերջանիկ մարդը, ապա եղիր»,- պատասխանել է Դալայ-լաման:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: